Տեքստ/տեսանյութ
Կախված այն հանգամանքից, թե աշխատողի որ իրավունքն է խախտվել աշխատավայրում, վերջինս կարող է դիմել տարբեր իրավասու մարմիններին։
- Օրինակ՝ ինչպես ընդհանուր, այնպես էլ գենդերային հիմքով՝ աշխատանքային օրենսդրության խախտումների դեպքերում անձն իրավասու է դիմելու ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին (այսուհետ՝ նաև ԱԱՏՄ)։ ԱԱՏՄ-ն կարող է վարչական տույժի ենթարկել գործատուին աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար։
Օրինակ՝ ԱԱՏՄ-ն կարող է վարչական տույժի ենթարկել գործատուին՝ առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու դեպքում, գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելու և չվճարելու դեպքում, գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելու, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելու, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերում, գործատուի կողմից (․․․) հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում կամ վնասակար կամ վտանգավոր աշխատանքի պայմաններում աշխատանքի ներգրավելու կամ թույլատրելու դեպքում։
Այս համատեքստում, ԱԱՏՄ-ն կարող է վարչական տույժի ենթարկել գործատուին նաև աշխատողի նկատմամբ դրսևորած խտրականության դեպքում։ Ընդ որում, խտրականության արգելքի պահպանման նկատմամբ վերահսկողությունը ԱԱՏՄ-ին է տրվել 2021 թվականի հուլիս ամսից:
- Հաջորդ մարմինը՝ արհեստակցական կազմակերպություններն են, որոնց աշխատողը կարող է դիմել աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական ու այլ շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով: Աշխատանքային խնդիրների առաջացման դեպքում աշխատողը կարող է դիմել տվյալ գործատուի մոտ գործող արհեստակցական կազմակերպությանը, իսկ գործատուի մոտ դրա բացակայության բացակայության դեպքում տարածքային կամ ճյուղային արհեստակցական կազմակերպություններին։
- Աշխատողը կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ, Աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին, Հաշտարարին, Առևտրային արբիտրաժին։
- Աշխատավայրում բռնության, խտրականության կամ սեռական ոտնձգությունների ենթարկվելու դեպքում արդեն գործ ունենք հանցագործությունների հետ։ Այս դեպքում, անձը կարող է հանցանքի մասին հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, գլխավոր դատախազություն կամ այլ պետական իրավասու մարմին։ Հանցագործություն է օրինակ, երբ հղի կնոջը կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին այդ հանգամանքով պայմանավորված ուղղակի դիտավորությամբ աշխատանքի ընդունելուց հրաժարվել կամ աշխատանքից ազատել են՝ կապված իբր թափուր աշխատատեղերի բացակայության, հաստիքների կրճատման հետ Հանցագործություններ են հանդիսանում նաև անձի նկատմամբ խտրականությունը, անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով աշխատավայրում սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը՝ բռնություն գործադրելով, սպառնալիքով, անձի անօգնական վիճակն օգտագործելով, կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելը, մարդու թրաֆիքինգը կամ աշխատանքային շահագործումը ։ Հանցագործություն են հանդիսանում նաև այն դեպքերը, երբ աշխատողին հարկադրում են մասնակցել գործադուլին կամ, ընդհակառակը՝ հարկադրում են հրաժարվել օրինական գործադուլին մասնակցելուց։՝
- Գենդերային խտրականությունից, բռնությունից և ոտնձգությունից տուժած անձինք իրավունք ունեն ստանալու հատուկ պաշտպանություն։ Պաշտպանության միջոցների կիրառելու համար անհրաժեշտ է գրավոր դիմել ոստիկանության որևէ ստորաբաժանում։ Պաշտպանության միջոցների ցանկը տարբեր է, կախված այն հանգամանքից, թե Դուք քրեական գործով արդեն հանդիսանում եք տուժող, թե պարզապես, որպես քաղաքացի դիմել եք ոստիկանության պաշտպանություն ստանալու համար։ Եթե Դուք դեռ չեք հանդիսանում տուժող, ապա կարող եք պահանջել Ձեր անձի, բնակարանի և գույքի նկատմամբ հսկողություն, անհատական պաշտպանության միջոցի տրամադրում, բնակության այլ վայր փոխադրում, ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինում կամ Ձեր արտաքինի փոփոխում։ Բացի նշվածներից, տուժող ճանաչվելու դեպքում կարող եք պահանջել նաև պաշտպանության այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ Ձեզմոտենալու կամ Ձեր հետ շփվելու սահմանափակումը, Ձեր ինքնությունը հաuտատող տվյալների գաղտնիացումը, աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրի փոխումը, Դատական նիստերի դահլիճից հեռացումը կամ դռնփակ դատական նիստի անցկացումը, ինչպես նաև դատարանում հատուկ կարգով հարցաքննությունը։ Քրեական գործերով տուժողն անմիջապես դատարանին դիմելու հնարավորություն չունի, դա դատախազի, իսկ որոշ հարցերի դեպքում՝ քննիչի լիազորությունն է։
- Առհասարակ, աշխատավայրում աշխատողի իրավունքների պաշտպանության առանցքային դերակատարումը տրված է դատական համակարգին, մասնավորապես, մասնավոր ոլորտում աշխատելու դեպքում՝ քաղաքացիական դատարաններին, որոնք գործում են Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում։ Հանրային ծառայող հանդիսանալու դեպքում, անձը պետք է դիմի վարչական դատարան: Այսպես, օրինակ՝ խտրականության բախվելիս անձը կարող է խախտման մասին իրազեկվելու պահից երեք տարվա ընթացքում դիմել քաղաքացիական դատարան՝ խտրականության փաստը հաստատելու և խախտված իրավունքը վերականգնելու պահանջով: Իսկ, եթե անձը խտրականության հիմքով ազատվել է աշխատանքից, ապա այս դեպքում պետք է դատարան դիմի հրամանը ստանալու պահից երկու ամսվա ընթացքում։ Անձը կարող է դիմել դատարան նաև այն դեպքերում, երբ գործատուն անհիմն կերպով փոխել է իր աշխատանքի պայմանները կամ աշխատանքից ապօրինի ազատել է նրան։ Առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձի (եկամտի) չափը որոշելու հետ կապված հարցերը նույնպես քաղաքացիական բնույթի են։ Նշենք, որ Աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթներ խախտելու համար գործատուն պարտավոր է վճարել տույժեր և տուգանքներ, ինչը կամովին չկատարելու դեպքում հնարավոր է պահանջել դատական կարգով (օրինակ՝ աշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների ժամկետանց վճարման դեպքում, աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման համար նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում, օրենքով սահմանված ժամկետներում աշխատողին ամենամյա արձակուրդը չտրամադրելու դեպքում և այլն)։
