Բովանդակություն

Բաժին 1. Աշխատանքի ընդունում և ազատում.

 1.1.   Աշխատանքի ընդունում.

1.1.1 Օրինական աշխատող․

1.1.2  Ծառայությունների մատուցման պայմանագիր.

1.1.3 Պայմանագրի օրինակը աշխատողին տրամադրելը.

1.1.4   Աշխատանքային պայմանագրի կնքումը  էլեկտրոնային փոստի միջոցով.

 

1.1.5   Անչափահասի աշխատանքի ընդունումը.

1.1.5.1   Մինչև 14 տարեկան անձանց ընդունումն աշխատանքի.

1.1.5.2  Մինչև 16 տարեկան անձանց ընդունումն աշխատանքի.

1.1.5.3   16-18 տարեկան անձանց ընդունումն աշխատանքի.

 

1.1.6   Կենսաթոշակառուների ընդունումն աշխատանքի.

1.1.7   Հղիների ընդունումն աշխատանքի.

1.1.8   Հաշմանդամություն ունեցող անձանց ընդունումն աշխատանքի.

 

1․2․ Աշխատանքից ազատում.

1․2․1․ Աշխատողին ազատելու օրինական հիմքերը.

 

1․2․2․ Դեպքեր, երբ գործատուն իրավունք չունի աշխատանքից ազատել աշխատողին.

1․2․2․1․ Ժամանակավոր անաշխատունակություն.

1․2․2․2․ Արձակուրդի ժամանակահատված.

1․2․2․3․ Հղիներ.

1․2․2․4․ Երեխայի խնամք իրականացնողներ.

1․2․2․5․ Գործադուլի մասնակիցներ.

1․2․2․6․ Պետական պարտականությունների կատարում.

1․2․2․7․ Անհաղթահարելի իրավիճակներ.

 

1․2․3․ Վերջնահաշվարկը աշխատանքից ազատվելիս.

1․2․4․ Այլ վճարումներ աշխատանքից ազատելիս․

 

1․3․ Աշխատանքային ժամաքանակ.

1․3․1․ Աշխատանքի օրական նորմալ տևողությունը.

1․3․2․ Աշխատանքի առավելագույն ժամաքանակը.

 

1․3․3․ Անչափահասների աշխատաժամանակի առանձնահատկությունները․

1․3․3․1․ Մինչև 7 տարեկանների աշխատաժամանակի տևողությունը,

1․3․3․2․ 7-12 տարեկանների աշխատաժամանակի տևողությունը.

1․3․3․3․ 12-15 տարեկանների աշխատաժամանակի տևողությունը.

1․3․3․4․ 15-16 տարեկանների աշխատաժամանակի տևողությունը.

1․3․3․5․ 16-18 տարեկանների աշխատաժամանակի տևողությունը.

 

1․3․4․ Հերթապահության ռեժիմով աշխատողների աշխատանքի ժամաքանակը.

1․3․5․ Համատեղությամբ աշխատողների աշխատանքի առավելագույն ժամաքանակը.

1․3․6․ Արտաժամյա աշխատանք.

1․3․6․1․ Առանց աշխատողի պարտադիր համաձայնության` նրան արտաժամյա աշխատանքի ներգրավելը․

1․3․6․2․ Աշխատողի ներգրավումը արտաժամյա աշխատանքին՝ իր համաձայնությամբ.

1․3․6․3․ Արտաժամյա աշխատանքի վարձատրությունը.

 

Բաժին 2. Հանգստի, ընդմիջման և արձակուրդի իրավունք.

 

2.1.    Հանգստի և ընդմիջման իրավունքը.

 

2.1.1  Հանգստի և սնվելու համար ընդմիջումների իրավունքը.

2.1.2  Սնվելու հնարավորություն, երբ ընդմիջում տրամադրելն անհնար է.

 

2.1.3  Լրացուցիչ և հատուկ  ընդմիջումների իրավունքը.

2.1.3.1  Լրացուցիչ ընդմիջումներ.

2.1.3.2  Հատուկ ընդմիջումներ.

2.1.4    Աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջև հանգստի իրավունքը․

 

2.2     Արձակուրդի իրավունք.

 

2.2.1   Արձակուրդի տեսակները.

 

2.2.1.1  Ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդ.

2.2.1.1.1   Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը.

 

2.2.1.1.2   Ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը.

2.2.1.1.2.1 Դիմումի ներկայացումը՝ արձակուրդ տրամադրելու համար.

2.2.1.1.2.2 Արձակուրդի համար դիմում ներկայացնելու ժամկետները.

2.2.1.1.2.3  Արձակուրդի դիմում չներկայացնելու հետևանքները

2.2.1.1.2.4  Արձակուրդի տրամադրումը աշխատանքի առաջին տարվա համար.

2.2.1.1.2.5   Համատեղությամբ աշխատողների ամենամյա արձակուրդը․

2.2.1.1.2.6   Արձակուրդի տրամադրումը մասերով.

 

2.2.1.1.2.7    Արտոնություններ արձակուրդի ժամանակահատվածն ընտրելիս.

2.2.1.1.2.7.1 Արտոնություններ տղամարդկանց համար.

2.2.1.1.2.7.2  Արտոնություններ մանկավարժական աշխատողների համար.

2.2.1.1.2.7.3  Արտոնություններ սովորող աշխատողների համար.

2.2.1.1.2.7.4 Արտոնություններ հիվանդին կամ հաշմանդամություն ունեցող անձին խնամողների համար.

2.2.1.1.2.7.5  Արտոնություններ բռնության ենթարկված անձանց համար.

 

2.2.1.1.2.8   Ամենամյա արձակուրդի համար վճարումը.

 

2.2.1.1.3    Արձակուրդ տրամադրելը մերժելը.

2.2.1.1.4   Արձակուրդից հետ կանչելը.

2.2.1.1.5    Տեղափոխված արձակուրդի տրամադրման կարգը.

 

2.2.1.2    Ուսումնական արձակուրդ.

2.2.1.2.1 Արձակուրդը ընդունելության քննություններին նախապատրաստվելիս

2.2.1.2.2 Ուսումնական հաստատություններում սովորողներին տրամադրվող արձակուրդը.

2.2.1.2.3 Ուսումնական արձակուրդ օտարերկրյա ուսումնական հաստատություններում սովորելու համար.

 

2.2.1.3     Հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար արձակուրդը.

2.2.1.3.1  Հղիության և ծննդաբերության արձակուրդը.

2.2.1.3.2  Նորածին որդեգրողի կամ նորածնի խնամակալի արձակուրդը․

2.2.1.3.3  Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողի արձակուրդը․

2.2.1.3.4  Հայրության արձակուրդը․

2.2.1.3.5   Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը․

 

2.2.1.4    Հիվանդության ժամանակահատվածում անաշխատունակությունը.

2.2.1.5    Հաշմանդամություն ունեցող աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին չվճարվող արձակուրդ․

2.2.1.6    Ամուսնության համար չվճարվող արձակուրդ․

2.2.1.7    Ընտանիքի անդամի մահվան դեպքում չվճարվող արձակուրդ․

2.2.1.8    Տոները կամ հիշատակի օրերը նշելու համար չվճարվող արձակուրդ.

2.2.1.9     Չվճարվող արձակուրդ համատեղությամբ աշխատողներին.

 

  1. Աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմները.

3.1          Արբիտրաժային տրիբունալը.

3.2          Հաշտարարը.

 

3.3          Դատարանը.

3.3.1  Դատարան դիմելը աշխատանքային վեճերով.

3.3.2  Պետական վճարները դատարան դիմելիս.

3.3.3  Դատարան դիմելու ժամկետները.

3.3.4  Դեպքեր, որոնց վրա ժամկետային սահմանափակում չի գործում.

3.3.5  Աշխատանքից ապօրինի ազատվելու դեպքում դատարանին ներկայացվող հնարավոր պահանջները.

3.3.5.1 Աշխատանքում վերականգնում և հարկադիր պարապուրդի գումար.

3.3.5.2 Աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հատուցումը.

 

 

3.4          Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին.

3.4.1  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի/ԱԱՏՄ/ լիազորություններն աշխատանքի ոլորտում.

3.4.2  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին դիմելու կարգը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Աշխատանքի ընդունում և ազատում.
    • Աշխատանքի ընդունում:

 

  • Օրինական աշխատող․

Օրինական աշխատող համարվելու համար պարտադիր է աշխատանքային պայմանագրի կնքումը կամ աշխատանքի ընդունման մասին հրամանի առկայությունը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 14, 84

 

  • Ծառայությունների մատուցման պայմանագիր.

Եթե Ձեզ հետ կնքվել է այլ բնույթի, օրինակ՝ ծառայությունների մատուցման պայմանագիր, Դուք չեք համարվում աշխատող: Այս դեպքում, Ձեր աշխատող լինելու փաստը հնարավոր կլինի հաստատել միայն դատական կարգով:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 14, 84

 

  • Պայմանագրի օրինակը աշխատողին տրամադրելը.

Պայմանագրի մեկ օրինակը գործատուն եռօրյա ժամկետում պետք է հանձնի աշխատողին: Այդ նպատակով աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր, 2 օրինակից, ստորագրված և՛ գործատուի, և՛ աշխատողի կողմից:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 85

 

  • Աշխատանքային պայմանագրի կնքումը  էլեկտրոնային փոստի միջոցով.

Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելու միջոցով։ Այս դեպքում Ձեզ պետք է ուղարկվի պայմանագրի ստորագրված և սկանավորված կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակը։

Պայմանագիրը հնարավոր է կնքել նաև փոստային եղանակով՝ պատվիրված նամակ ուղարկելու միջոցով։

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 85

 

  • Անչափահասի աշխատանքի ընդունումը.

 

  • Մինչև 14 տարեկան անձանց ընդունումն աշխատանքի.

Եթե Ձեր 14 տարին չի լրացել, կարող եք աշխատել,  սակայն Ձեր աշխատանքային պայմանագիրը պետք է ստորագրի Ձեր ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը։ Ընդ որում՝ Դուք կարող եք աշխատել միայն կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական կամ համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում կամ ռադիոյում ստեղծագործությունների ստեղծման կամ կատարման աշխատանքներում: Կախված Ձեր տարիքից՝ Դուք կարող եք աշխատել օրական առավելագույնը մինչև տասներկու ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 17.1, 85

 

  • Մինչև 16 տարեկան անձանց ընդունումն աշխատանքի.

Եթե Ձեր 16 տարին չի լրացել, Դուք կարող եք ընդունվել ժամանակավոր աշխատանքի Ձեր ծնողի կամ որդեգրողի կամ խնամակալի գրավոր համաձայնությամբ՝ շաբաթական մինչև 24 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։ Պետք է իմանալ, որ Ձեզ մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է, և Ձեր աշխատանքը չպետք է խոչընդոտի Ձեր պարտադիր կրթության գործընթացին կամ վտանգի Ձեր առողջությունը, բարոյականությունը, չսպառնա Ձեր անվտանգությանը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 17.1

 

  • 16-18 տարեկան անձանց ընդունումն աշխատանքի.

Եթե Դուք 16-18 տարեկան եք,  կարող եք աշխատել շաբաթական մինչև 36 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։ Սակայն աշխատանքը պետք է լինի այնպիսին, որ չվտանգի Ձեր առողջությունը, բարոյականությունը, չսպառնա Ձեր անվտանգությանը և չխոչընդոտի Ձեր պարտադիր կրթությանը։

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 17.1

 

  • Կենսաթոշակառուների ընդունումն աշխատանքի.

Եթե Դուք կենսաթոշակառու եք, ունեք աշխատելու իրավունք։ Դեռ ավելին, կենսաթոշակային տարիքի հասած անձանց հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է ընդհանուր հիմունքներով՝ անորոշ ժամկետով, այսինքն՝ աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը չի նշվում, ինչպես նախկինում էր։ Այս փոփոխությունը կատարվել է 2023թ․-ի հուլիսի 31-ին:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 94, 95

 

  • Հղիների ընդունումն աշխատանքի.

Եթե Դուք հղի եք, Ձեզ չեն կարող հղիությամբ պայմանավորված չընդունել աշխատանքի, քանի որ դա կդիտվի որպես խտրականություն՝ անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքների հիմքով։ Սակայն արգելվում է Ձեզ ընդունել ծանր և վնասակար համարվող աշխատանքներում (օրինակ՝ կապված լազերների, քիմիական գործոնների ազդեցության հետ և այլն)։

Ձեզ համար պետք է սահմանվի ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ, և դուք կարող եք ներգրավվել գիշերային աշխատանքի, աշխատել հանգստյան օրերին, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կամ գործուղման ուղարկվել միայն Ձեր համաձայնությամբ:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 3, 3.1, 141, 148, 149, 155, 156, 209, 258

 

  • Հաշմանդամություն ունեցող անձանց ընդունումն աշխատանքի.

Ձեզ չեն կարող առողջական վիճակով՝ հաշմանդամությամբ պայմանավորված չընդունել աշխատանքի, քանի որ դա կդիտվի որպես խտրականություն։ Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը պետք է լինի անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս։ Հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել գործատուին՝ խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով (խոշորացույցի տրամադրում, ժեստերի լեզվի թարգմանիչ և այլն):

Ձեզ համար պետք է սահմանվի ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ՝ բժշկական եզրակացության հիման վրա։ Արտաժամյա աշխատանքի կարող եք գնալ Ձեր գրավոր համաձայնությամբ։

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 3, 3.1, 118, 141, 144, 245, 259

 

  • Աշխատանքից ազատում.
    • Աշխատողին ազատելու օրինական հիմքերը.

Եթե Դուք աշխատող եք, գործատուն կարող է Ձեզ ազատել աշխատանքից  հետևյալ դեպքերում.

  • կազմակերպության լուծարման, պետական հաշվառումից հանվելու, նոտար գործատուի դեպքում՝ պաշտոնից ազատվելու դեպքերում,
  • աշխատողների քանակի/հաստիքների կրճատման դեպքում, որը պայմանավորված է աշխատանքի ծավալների /տնտեսական/ տեխնոլոգիական/ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման/ արտադրական անհրաժեշտությամբ,
  • Ձեր` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում,
  • այլ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում,
  • Ձեր աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով Ձեզ վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում,
  • Ձեր նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում,
  • Ձեր երկարատև անաշխատունակության դեպքում,
  • Ոգելից խմիչքների, թմրամիջոցների ազդեցության տակ Ձեր՝ աշխատավայրում գտնվելու կամ աշխատավայրում կամ աշխատավայրից դուրս աշխատանքային գործառույթներն իրականացնելու  դեպքում,
  • անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում  աշխատանքի չներկայանալու դեպքում,
  • պարտադիր բժշկական զննությունից Ձեր հրաժարվելու/խուսափելու դեպքում,
  • եթե Դուք օտարերկրացի եք,  կացության կարգավիճակն ուժը կորցրած/անվավեր ճանաչվելու դեպքում,
  • COVID-19-ով պայմանավորված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 օր անընդմեջ կամ 3 ամսվա ընթացքում 20 աշխատանքային օր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 113

  • Դեպքեր, երբ գործատուն իրավունք չունի աշխատանքից ազատել աշխատողին.
    • Ժամանակավոր անաշխատունակություն.

 

Գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող Ձեզ ազատել աշխատանքից ժամանակավոր անաշխատունակության ժամանակ։ Բացառություն է միայն երկարատև անաշխատունակության դեպքը (ավելի քան վեց ամիս անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 180 օր՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերը)։

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 114

 

 

  • Արձակուրդի ժամանակահատված.

Գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող Ձեզ ազատել աշխատանքից վերջինիս՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 114

 

 

  • Հղիներ.

Եթե Դուք հղի կին եք, ապա գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը Ձեզ հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո 1 ամիսը լրանալը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 114

 

  • Երեխայի խնամք իրականացնողներ.

Եթե Դուք խնամում եք Ձեր մինչև 1 տարեկան երեխային, սակայն արձակուրդում չեք գտնվում, ապա գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող աշխատանքից ազատել Ձեզ երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածում։ Բացառություն են միայն այն դեպքերը, երբ գործատուն լուծարվում է, հանվում պետական հաշվառումից (նոտարն ազատվում է պաշտոնից), Դուք պարբերաբար չեք կատարում Ձեր պարտականությունները առանց հարգելի պատճառի, գործատուն կորցնում է վստահությունը Ձեր նկատմամբ, Դուք հրաժարվում եք  պարտադիր բժշկական զննությունից կամ աշխատանքն իրականացնում եք ոգելից խմիչքների, թմրամիջոցների ազդեցության տակ։

 

Բացի դրանից՝ գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող աշխատանքից ազատել Ձեզ, եթե Դուք չեք ներկայացել աշխատանքի Ձեր մինչև 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով, եթե երեխայի ուսումնական հաստատությունների համար նախատեսված արձակուրդները չպլանավորված տեղափոխվել են:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 114

 

  • Գործադուլի մասնակիցներ.

Գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող Ձեզ ազատել աշխատանքից, եթե Դուք մասնակցում եք գործադուլի։ Այդ արգելքը գործում է գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունելուց հետո և գործադուլի ընթացքում, եթե Դուք այդ գործադուլին մասնակցում եք օրենքով սահմանված կարգով։

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 114, 73

 

  • Պետական պարտականությունների կատարում.

Գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող Ձեզ ազատել աշխատանքից պետական/ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Ձեր վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածում։ Բացառություն է միայն այն դեպքը, երբ գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրը աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում։

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 114, 124

 

 

  • Անհաղթահարելի իրավիճակներ.

Գործատուն իր նախաձեռնությամբ չի կարող Ձեզ ազատել աշխատանքից, եթե Դուք չեք ներկայացել աշխատանքի տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, այդ դեպքերով պայմանավորված։

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 114

 

 

  • Վերջնահաշվարկը աշխատանքից ազատվելիս.

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է Ձեզ հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը։ Սակայն, եթե աշխատանքային պայմանագրով սահմանվել է վերջնահաշվարկի այլ ժամկետ, ապա վերջնահաշվարկը կիրականացվի այդ օրը:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 109, 113, 130 

  • Այլ վճարումներ աշխատանքից ազատելիս․

Գործատուն վերջնահաշվարկի օրը /կամ եթե նույն օրը հնարավոր չէ, ապա Ձեր կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում/ պարտավոր է Ձեզ վճարել ինչպես աշխատավարձը, այնպես էլ դրան հավասարեցված այլ վճարումները, այդ թվում՝

  • չօգտագործված արձակուրդի գումարը,
  • արձակման նպաստը (բացառությամբ որոշ դեպքերի, օրինակ՝ պայմանագիրը կարգապահական խախտման հիմքով լուծելու)՝Ձեր մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով կամ կախված Ձեր աշխատանքային ստաժից՝ այլ չափով,
  • անաշխատունակության նպաստը՝ առկայության դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 109, 113, 124, 129, 130 

  • Աշխատանքային ժամաքանակ.
    • Աշխատանքի օրական նորմալ տևողությունը.

Ամենօրյա աշխատանքի առավելագույն տևողությունը 8 ժամ է: Այսինքն՝ աշխատանքի շաբաթական առավելագույն տևողությունը՝ հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, 40 ժամ է:

ՀՀ աշխատանքային օրենգիրք, հոդված 139

  • Աշխատանքի առավելագույն ժամաքանակը.

Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, օրական 12 ժամ է (հանգստի և սնվելու համար ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամ:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 139

 

  • Անչափահասների աշխատաժամանակի առանձնահատկությունները․

 

  • Մինչև 7 տարեկանների աշխատաժամանակի տևողությունը,

Մինչև 7 տարեկան երեխաների համար սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն՝ օրական մինչև 2 ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 4 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս:

 

ՀՀ աշխատանքային օրենգիրք, հոդվածներ 17.1, 140

 

  • 7-12 տարեկանների աշխատաժամանակի տևողությունը.

7-12 տարեկան երեխաների համար սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս:

 

ՀՀ աշխատանքային օրենգիրք, հոդվածներ 17.1, 140

 

  • 12-15 տարեկանների աշխատաժամանակի տևողությունը.

12-15 տարեկան երեխաների համար սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն օրական մինչև 4 ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 12 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս.

 

ՀՀ աշխատանքային օրենգիրք, հոդվածներ 17.1, 140

 

  • 15-16 տարեկանների աշխատաժամանակի տևողությունը.

15-16 տարեկան երեխաների համար սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն՝ շաբաթական մինչև 24 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս.

 

ՀՀ աշխատանքային օրենգիրք, հոդվածներ 17.1, 140

 

  • 16-18 տարեկանների աշխատաժամանակի տևողությունը.

 

16-18 տարեկանների համար սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն՝ շաբաթական մինչև 36 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս:

 

ՀՀ աշխատանքային օրենգիրք, հոդվածներ 17.1, 140

 

  • Հերթապահության ռեժիմով աշխատողների աշխատանքի ժամաքանակը.

Եթե Դուք, օրինակ, անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպությունների, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպությունների, մանկական դաստիարակչական կազմակերպությունների, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպությունների, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայությունների աշխատող եք, ապա Ձեր աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ:

Սակայն, միևնույն է, Ձեր աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից:

 

ՀՀ աշխատանքային օրենգիրք, հոդված 139

 

  • Համատեղությամբ աշխատողների աշխատանքի առավելագույն ժամաքանակը.

Եթե Դուք համատեղությամբ աշխատում եք միևնույն կամ տարբեր գործատուների մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով, ապա Ձեր ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:

ՀՀ աշխատանքային օրենգիրք, հոդված 139

  • Արտաժամյա աշխատանք.
    • Առանց աշխատողի պարտադիր համաձայնության, նրան արտաժամյա աշխատանքի ներգրավելը․

Արտաժամյա աշխատանքը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանքն է:

Գործատուն կարող է Ձեզ ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն բացառիկ դեպքերում, օրինակ՝ դժբախտ պատահարների, հրդեհների ժամանակ, կամ երբ  անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, քանի որ դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում, ոչնչացում, կամ աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, կամ երբ կատարվում են բեռնման/ բեռնաթափման աշխատանքներ` բեռների կուտակումը և տրանսպորտային միջոցների պարապուրդը կանխելու, պահեստներն ազատելու համար, կամ երբ առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը և այլն /ամբողջական ցանկը սահմանված է Աշխատանքային օրենսգրքում/։

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 144, 145, 184

 

  • Աշխատողի ներգրավումը արտաժամյա աշխատանքին՝ իր համաձայնությամբ.

Եթե բացակայում են օրենքով սահմանված բացառիկ դեպքերը, ապա Դուք արտաժամյա աշխատանքների կարող եք ներգրավվել միայն Ձեր գրավոր համաձայնության պարագայում:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 144, 145, 184

 

  • Արտաժամյա աշխատանքի վարձատրությունը.

 

Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, Ձեր ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:

 

Իսկ Ձեր ժամային դրույքաչափը կարող եք հաշվարկել Ձեր տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը սահմանված ամսվա աշխատաժամերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով: Օրինակ՝ հիմնական աշխատավարձը՝ 200.000 ՀՀ դրամը բաժանում ենք օրական աշխատաժամերի՝ 8 ժամի և ամսվա ընթացքում աշխատանքային օրերի քանակի արտադրյալի վրա՝ 21 օր, որը հավասար կլինի ժամային դրույքաչափին՝ 1190.48 ՀՀ դրամ։

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 144, 145, 180, 184

2. Հանգստի, ընդմիջման և արձակուրդի իրավունք.

2.1. Հանգստի և ընդմիջման իրավունքը.

2.1.1. Հանգստի և սնվելու համար ընդմիջումների իրավունքը.

Աշխատանքը սկսելուց առավելագույնը 4 ժամ հետո Ձեզ պետք է տրամադրվի կես ժամից մինչև 2 ժամ  տևողությամբ ընդմիջում՝ հանգստանալու և սնվելու համար:

Իսկ եթե Ձեր աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում 4 ժամը, ապա աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու և սնվելու համար Ձեզ նշված տևողությամբ ընդմիջում կարող է տրամադրվել գործատուի  համաձայնությամբ։ Բացառություն են հղի կանայք և մինչև 18 տարեկան աշխատողները, որոնց տրամադրվում է հանգստանալու և սնվելու համար ընդմիջում՝ իրենց նախընտրած ժամին:

Ընդ որում՝ Դուք իրավունք ունեք ընդմիջման ժամանակահատվածում բացակայելու աշխատավայրից:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 152

2.1.2. Սնվելու հնարավորություն, երբ ընդմիջում տրամադրելն անհնար է.

Եթե Ձեր աշխատավայրում, արտադրության կամ աշխատանքի պայմաններից ելնելով, հանգստի և սնվելու համար ընդմիջում տրամադրելն անհնար է,  գործատուն պետք է Ձեզ տրամադրի աշխատանքի ընթացքում սնվելու հնարավորություն:

 

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 152

2.1.3. Լրացուցիչ և հատուկ  ընդմիջումների իրավունքը.

2.1.3.1. Լրացուցիչ ընդմիջումներ.

Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում։ Դուք ունեք նվազագույնը 30 րոպե լրացուցիչ ընդմիջում նաև այն դեպքում, եթե  մինչև 18 տարեկան աշխատող եք և Ձեր աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը։

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 153

 

2.1.3.2. Հատուկ ընդմիջումներ.

Դուք ունեք հատուկ ընդմիջման իրավունք, եթե

  • Ձեր աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում,
  • ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող պայմաններում,
  • աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել Ձեր առողջության համար անվտանգ մակարդակի:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 153

 

2.1.4. Աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջև հանգստի իրավունքը․

 

Դուք ունեք օրվա ընթացքում հանգստի իրավունք։ Աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջև ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 11 ժամից:

 

Եթե Դուք անչափահաս աշխատող եք, ապա այս ժամկետն ավելի երկար է․ մինչև 16 տարեկան աշխատողների համար այն չի կարող պակաս լինել 16 ժամից, իսկ 16-18 տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22։00-ից մինչև 06։00-ը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 154

 

 

2.2. Արձակուրդի իրավունք.

2.2.1. Արձակուրդի տեսակները.

2.2.1.1. Ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդ.

2.2.1.1.1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը.

Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Աշխատանքային օրենսգրքով կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված դեպքերում այս ժամկետները կարող են լինել ավելի երկար։

 ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 159

2.2.1.1.2. Ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը.

2.2.1.1.2.1. Դիմումի ներկայացումը՝ արձակուրդ տրամադրելու համար.

Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան՝ այդ մասին Ձեր դիմումի հիման վրա՝  գործատուի ընդունած հրամանով։

Աշխատանքային տարվա սկիզբը և ավարտը հաշվարկվում են աշխատանքի ընդունվելու օրով, որը սահմանված է կնքված աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին հրամանով:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 164

2.2.1.1.2.2. Արձակուրդի համար դիմում ներկայացնելու ժամկետները.

Հաշվի առնելով, որ գործատուն արձակուրդ տրամադրելու մասին հրամանը պետք է ընդունի աշխատողի դիմումի հիման վրա, ուստի՝ դիմումը պետք է ներկայացվի նախապես՝ մինչև նախընտրելի արձակուրդի ժամանակահատվածը։

Ընդհանուր կարգով, ամենամյա արձակուրդի դիմում կարող է ներկայացվել գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, սակայն օրենսգրքով սահմանվում են դեպքեր, երբ նման խնդրանք աշխատողը գործատուին կարող է ներկայացնել նույնիսկ մինչև վեց ամիսը լրանալը:

Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել, որ պայմանագրով կամ աշխատողների և գործատուի համաձայնությամբ, սահմանվում է ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականություն, որում նշված օրերին համապատասխան էլ անհրաժեշտ է նախապես ներկայացնել դիմումը։

2.2.1.1.2.3. Արձակուրդի դիմում չներկայացնելու հետևանքները

Կարող են լինել դեպքեր, երբ աշխատողը հրաժարվի իրեն հասանելիք արձակուրդից։ Եթե  Դուք երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափեք կամ հրաժարվեք Ձեզ հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա Ձեզ ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը կորոշի գործատուն՝ առանց Ձեր դիմումի առկայության:

Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ դիմումը չներկայացնելը պայմանավորված է եղել Ձեր՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու կամ օրենքով հստակ սահմանված այլ հանգամանքով։

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 164, 167

 

2.2.1.1.2.4. Արձակուրդի տրամադրումը աշխատանքի առաջին տարվա համար.

Աշխատանքի առաջին տարվա համար Ձեզ տրամադրվում է ամենամյա արձակուրդ՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո։ Սակայն ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ գործատուի մոտ մինչև անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը՝ կողմերի համաձայնության դեպքում կամ օրինակ՝ կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո կամ կոլեկտիվ պայմանագրով այլ դեպքեր նախատեսված լինելու դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 164

2.2.1.1.2.5. Համատեղությամբ աշխատողների ամենամյա արձակուրդը․

Համատեղությամբ աշխատողների ամենամյա արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատանքի համար տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ։ Սակայն, եթե Դուք համատեղությամբ ուսումնական հաստատության մանկավարժական աշխատող եք և պրոֆեսորադասախոսական կազմի անդամ, ապա Ձեր արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ, այդ թվում՝ աշխատանքային առաջին տարում, անկախ այն հանգամանքից, թե Դուք երբ եք սկսել աշխատանքը:

Մյուս դեպքերում ամենամյա արձակուրդը տրամադրվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված ժամկետներում, աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված հերթականությանը համապատասխան:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 99, 164

2.2.1.1.2.6. Արձակուրդի տրամադրումը մասերով.

Ձեր և գործատուի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 163

 

2.2.1.1.2.7. Արտոնություններ արձակուրդի ժամանակահատվածն ընտրելիս.

2.2.1.1.2.7.1. Արտոնություններ տղամարդկանց համար.

Տղամարդկանց ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 164

2.2.1.1.2.7.2. Արտոնություններ մանկավարժական աշխատողների համար.

Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ, այդ թվում՝ աշխատանքային առաջին տարում՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ աշխատողներն սկսել իրենց աշխատանքը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 164

2.2.1.1.2.7.3. Արտոնություններ սովորող աշխատողների համար.

Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդը իրենց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային կամ ավարտական աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման, ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաների ժամկետներին համապատասխան:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 164

 

 

2.2.1.1.2.7.4.  Արտոնություններ հիվանդին կամ հաշմանդամություն ունեցող անձին խնամողների համար.

Հիվանդին կամ հաշմանդամություն ունեցող անձին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, բժշկական եզրակացության հիման վրա ամենամյա արձակուրդը տրամադրվում է իրենց նախընտրած ժամանակ:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 164

 

2.2.1.1.2.7.5. Արտոնություններ բռնության ենթարկված անձանց համար. Աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության ենթարկված աշխատողին իր ցանկությամբ տրամադրվում է ամենամյա արձակուրդ՝ անկախ աշխատանքի կատարման ժամանակահատվածից:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 164

 

2.2.1.1.2.8. Ամենամյա արձակուրդի համար վճարումը.

Ամենամյա արձակուրդի համար գործատուն Ձեզ վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է Ձեր միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:

Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան Ձեր ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ Ձեր դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 169

2.2.1.1.3.  Արձակուրդ տրամադրելը մերժելը.

Գործատուն կարող է  Ձեզ մերժել արձակուրդի տրամադրումը, եթե դիմումը ներկայացրել եք մինչև գործատուի մոտ աշխատանքի վեց ամիսը լրանալը, և բացակայում են այդ ժամկետում արձակուրդ տրամադրելու օրենքով սահմանված հիմքերը։

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 164

2.2.1.1.4. Արձակուրդից հետ կանչելը.

 

Որոշ իրավիճակներում գործատուն՝ Ձեր պարտադիր համաձայնությամբ, կարող է Ձեզ  հետ կանչել ամենամյա արձակուրդից կամ կատարել արձակուրդի կամ դրա մի մասի տեղափոխում: Սակայն համաձայնություն չի պահանջվում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում աշխատողներին ամենամյա արձակուրդից հետ կանչելիս։ Այս կանոնը գործում է բոլոր պետական և ոչ պետական կազմակերպությունների դեպքում՝ անկախ սեփականության ձևից։

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 166

2.2.1.1.5.  Տեղափոխված արձակուրդի տրամադրման կարգը.

Տեղափոխված ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կամ դրա չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Կարևոր է իմանալ, որ ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում:

 

Օրենքով սահմանված ժամկետներում աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 164, 167

 

2.2.1.2. Ուսումնական արձակուրդ.

  • Արձակուրդը ընդունելության քննություններին նախապատրաստվելիս.

 

Եթե Դուք ցանկանում եք ընդունվել մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն, ապա  ընդունելության քննություններին նախապատրաստվելու համար Ձեզ պետք է տրամադրվի արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 174

 

  • Ուսումնական հաստատություններում սովորողներին տրամադրվող արձակուրդը.

 

Եթե Դուք հանդիսանում եք հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, ապա Ձեր ուսումնական հաստատության միջնորդությամբ Ձեզ կարող է տրամադրվել ուսումնական արձակուրդ`

1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր քննության համար` 3 աշխատանքային օր.

2) ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` 3 աշխատանքային օր.

3) լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.

4) դիպլոմային կամ ավարտական աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` 30 աշխատանքային օր.

5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` 6 աշխատանքային օր.

6) պրակտիկաների համար՝ ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով:

 

Կարևոր է իմանալ, որ ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 174

 

  • Ուսումնական արձակուրդ օտարերկրյա ուսումնական հաստատություններում սովորելու համար.

Գործատուի համաձայնությամբ Ձեզ կարող է տրամադրվել արձակուրդ օտարերկրյա ուսումնական հաստատություններում Ձեր մասնագիտական որակավորումը բարձրացնելու կամ անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ ձեռք բերելու կամ դրանք զարգացնելու համար։  Ուսումնական արձակուրդը այս դեպքում տրամադրվում է ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան երկու տարի:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 174

 

 

2.2.1.3. Հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար արձակուրդը.

  • Հղիության և ծննդաբերության արձակուրդը.

Աշխատող կանանց հղիության և ծննդաբերության արձակուրդը հաշվարկվում և միանգամից ամբողջությամբ տրամադրվում է հետևյալ տևողությամբ․

1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).

2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.

3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

 

Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 172

 

  • Նորածին որդեգրողի կամ նորածնի խնամակալի արձակուրդը․

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 172

  • Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողի արձակուրդը․

Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 172

 

  • Հայրության արձակուրդը․

Սկսած 2020թ․-ի սեպտեմբերի 9-ից Հայաստանում ևս հայրերին տրվել է հայրության արձակուրդ մեկնելու իրավունք։ Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:

Բացի դրանից՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն իր պահանջով առավելագույնը երկու ամիս ժամկետով տրամադրվում է չվճարվող արձակուրդ:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 176, 176.1

 

  • Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը․

Երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Այն կարող է տրամադրվել նաև արտահերթ:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 173

 

2.2.1.4. Հիվանդության ժամանակահատվածում անաշխատունակությունը.

 

Աշխատանքային օրենսգրքի իմաստով, հիվանդության ժամանակահատվածը կոչվում է նաև ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատված։ Հիվանդության/ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չներկայանալը համարվում է ոչ թե արձակուրդ, այլ պարզապես հարգելի բացակայություն, որի ընթացքում պահպանվում են աշխատատեղը և պաշտոնը։

 

Գործատուն չի կարող Ձեզ ազատել աշխատանքից ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում։

 

Սակայն աշխատանքից ազատման արգելքն ունի հստակ ժամկետներ։ Եթե Դուք Ժամանակավոր անաշխատունակ եք դարձել, ապա Ձեր աշխատատեղը և պաշտոնը կպահպանվի, եթե ժամանակավոր անաշխատունակության մեջ եք գտնվել ոչ ավելի, քան վեց ամիս անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ոչ ավելի, քան 180 օր՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերը։ Հակառակ պարագայում՝ Ձեր երկարատև անաշխատունակության դեպքում գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 113, 114, 118

 

2.2.1.5. Հաշմանդամություն ունեցող աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին չվճարվող արձակուրդ․

Հաշմանդամություն ունեցող աշխատողի կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 աշխատանքային օր տարվա ընթացքում:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 176

 

2.2.1.6. Ամուսնության համար չվճարվող արձակուրդ․

Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է ամուսնության համար` երեք աշխատանքային օր:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 176

 

2.2.1.7. Ընտանիքի անդամի մահվան դեպքում չվճարվող արձակուրդ․

Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ մինչև երեք աշխատանքային օր:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 176

 

2.2.1.8. Տոները կամ հիշատակի օրերը նշելու համար չվճարվող արձակուրդ.

Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան չորս աշխատանքային օր:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 176

 

2.2.1.9. Չվճարվող արձակուրդ համատեղությամբ աշխատողներին.

Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է համատեղությամբ աշխատողին՝ հիմնական աշխատավայրում գործուղման մեջ գտնվելու դեպքում կամ հիմնական աշխատավայրի աշխատողին՝ համատեղությամբ աշխատավայրում գործուղման մեջ գտնվելու դեպքում, սակայն ոչ ավելի, քան 30 օր աշխատանքային տարվա ընթացքում:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 176

 

 

 

 

  1. Բաժին 3. Աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմները.
    • Աշխատանքային իրավունքների խախտումներով զբաղվող մարմինները.

Ձեր աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում կարող եք դիմել հետևյալ մարմիններին.

  • Դատարան  /աշխատողի բնակության վայրի Ընդհանուր իրավասության դատարան՝ մասնավոր ոլորտում աշխատողների դեպքում և Վարչական դատարան՝ հանրային ծառայողների դեպքում/,
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
  • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
  • Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ,
  • Աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ:
  • Ձեր և գործատուի համաձայնության դեպքում աշխատանքային վեճերը կարող են լուծվել նաև առևտրային արբիտրաժի կամ հաշտարարության միջոցով:
    • Արբիտրաժային տրիբունալը.

Արբիտրաժային տրիբունալները մասնավոր կառույցներ/ անհատներ են, որոնք աշխատում են վճարովի հիմունքներով:

Գործատուի և Ձեր միջև ծագած վեճը կարող եք հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը, եթե այդ մասին կնքել եք գրավոր համաձայնություն։

Արբիտրին դիմելու ժամկետները նույնն են, ինչ դատարան դիմելու համար:

Նշենք, որ արբիտրաժային համաձայնությունը չի սահմանափակում Ձեր աշխատանքային պայմանագրից բխող վեճը դատարան հանձնելու իրավունքը, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է Ձեր և գործատուի միջև վեճը ծագելուց հետո, և դուք անվերապահորեն համաձայնել եք վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:

 

Արբիտրաժային տրիբունալի կողմից կայացվում է վճիռ, որը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման՝ դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա:

 

Առևտրային արբիտրաժի մասին ՀՀ օրենք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք

 

 

  • Հաշտարարը.

Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն կողմերի միջև առկա վեճը հաշտությամբ լուծելու նպատակով:

Հաշտարարին դիմելու միջոցով կարող եք կարգավորել Գործատուի և Ձեր միջև ծագած վեճը՝ փոխադարձ համաձայնության դեպքում։

Այս դեպքում Ձեր և գործատուի միջև կնքվում է գրավոր համաձայնություն` առկա կամ հնարավոր որոշակի վեճը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ:

Հաշտարարության արդյունքում կայացված վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնությունը կարող է հաստատվել դատական կարգով և ունի պարտադիր ուժ կողմերի համար:

Սակայն Դուք ազատ եք հրաժարվել հաշտարարությունից և վեճի լուծման համար դիմել դատարան:

Դուք կարող եք հաշտարարին դիմելու միջոցով վեճը փորձել լուծել նաև այն դեպքում, երբ արդեն Ձեր և գործատուի միջև առկա է դատական վեճ:

Նշենք, որ ներկա պահին Հաշտարարի կողմից հաշտարարության հետ կապված գործունեությունն իրականացվում է վճարովի հիմունքներով։

Հաշտարարության մասին ՀՀ օրենք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք

 

  • Դատարանը.
    • Դատարան դիմելը աշխատանքային վեճերով.

Աշխատանքային վեճերը կարող են լուծվել ինչպես Ձեր և գործատուի կամ ձեր ներկայացուցիչների բանակցությունների միջոցով, հաշտարարության միջոցով, առևտրային արբիտրաժ դիմելու միջոցով, այնպես էլ դատարան դիմելու միջոցով: Դուք ազատ եք ցանկացած դեպքում դատարան դիմելու:

Դատական կարգով կարող են քննվել և լուծվել աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված կամ աշխատողի կամ տվյալ գործատուի հետ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված աշխատողի և գործատուի միջև այլ տարաձայնություները։

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 264, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 210

  • Պետական վճարները դատարան դիմելիս.

Աշխատանքային վեճերի վերաբերյալ հայց ներկայացնելիս դատարան դիմելն անվճար է, այսինքն՝ չի գանձվում պետական տուրք:

 Պետական տուրքի մասին ՀՀ օրենք, հոդված 22

  • Դատարան դիմելու ժամկետները.

Կախված նրանից, թե Ձեր որ աշխատանքային խախտված իրավունքն եք ցանկանում վերականգնել, դատարան դիմելու ժամկետները կարող են տարբերվել, այսպես՝

  • Եթե ցանկանում եք բողոքարկել Ձեզ կարգապահական տույժի՝ նկատողության կամ խիստ նկատողության ենթարկելու մասին գործատուի հրամանը, դատարան դիմելու ժամկետը հրամանի մասին իրազեկվելու պահիցմեկ ամիս է:
  • Եթե ցանկանում եք բողոքարկել Ձեզ աշխատանքից ազատելու մասին գործատուի հրամանը, դատարան դիմելու ժամկետը հրամանը ստանալու պահից երկու ամիս է:
  • Աշխատանքային օրենսգրքով կարգավորվող մնացած հարաբերությունների համար դատարան դիմելու ընդհանուր ժամկետը իրավունքի խախտման պահից՝ երեք տարի է:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 30, 228, 264, 265  

 

  • Դեպքեր, որոնց վրա ժամկետային սահմանափակում չի գործում.

 

Նշենք, որ դատարան դիմելու համար ժամկետների սահմանափակումներ չկան հետևյալ դեպքերում.

  • Եթե խախտվել է աշխատողի պատվի և արժանապատվության իրավունքը, և անձը ցանկանում է պաշտպանել խախտված իրավունքը,
  • եթե անձին չի վճարվել աշխատավարձ, և նա ցանկանում է դատական կարգով ստանալ այն,
  • եթե աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս․ վնասի  հատուցման պահանջներով:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ 30, 228, 264, 265  

 

  • Աշխատանքից ապօրինի ազատվելու դեպքում դատարանին ներկայացվող հնարավոր պահանջները.

Աշխատանքից ազատման, աշխատանքային պայմանագրի լուծման, ինչպես նաև աշխատանքի պայմանների փոփոխման մասին հրամանը կարող եք բողոքարկել դատական կարգով։

 

  • Աշխատանքում վերականգնում և հարկադիր պարապուրդի գումար.

Եթե պարզվի, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, կամ Ձեզ հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են առանց օրինական հիմքերի, ապա Ձեր խախտված իրավունքները կարող են վերականգնվել՝ այդ թվում՝ Դուք կարող եք վերականգնվել նախկին աշխատանքում, և Ձեր օգտին գործատուից կարող է գանձվել.

  • հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, կամ
  • աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում Դուք տվյալ գործատուի մոտ կատարել եք նվազ վարձատրվող աշխատանք:

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 265

  • Աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հատուցումը.

Եթե պարզվի, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, կամ Ձեզ հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են առանց օրինական հիմքերի, սակայն գործատուի և Ձեր հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել,  դատարանը կարող է Ձեզ չվերականգնել նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին

– հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով՝ մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և

-Ձեզ աշխատանքում չվերականգնելու դիմաց տրամադրել հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 265

 

  • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին.
    • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի/ԱԱՏՄ/ լիազորություններն աշխատանքի ոլորտում.

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրականացնում է  պետական վերահսկողություն գործատուների կողմից աշխատանքային պայմանագրերի և օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ։

Սա նշանակում է, որ ԱԱՏՄ-ն իրավասու է ստուգումներ անցկացնելու գործատուի մոտ և աշխատանքային օրենսդրության խախտումների հայտնաբերման դեպքում տուգանել և/կամ պահանջել գործատուին վերացնել խախտումները:

Մյուս կողմից, ԱԱՏՄ-ն իրավասու է քաղաքացիների գրավոր դիմումների հիման վրա հարուցել վարույթ, գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության խախտման դեպքում, տուգանել վերջինիս և/կամ կարգադրել վերացնել խախտումը, ինչը հանգեցնում է նաև աշխատողի խախտված իրավունքների վերականգնմանը:

Պետք է նշել, որ ԱԱՏՄ-ն վարույթներ չի հարուցում անանուն զանգերի և դիմումների  հիման վրա։

ՀՀ աշխատանքային օրենսգիրք, ԱԱՏՄ կանոնադրություն, Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենք

  • ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին դիմելու կարգը:

ԱԱՏՄ-ին հարցերով և բողոքներով կարելի է դիմել՝  զանգահարելով թեժ գծին՝ 8107 կամ 010 65 05 03 հեռախոսահամարներով։

Բողոքը կարելի է ձևակերպել նաև գրավոր՝ ներկայացնելով այն info@hlib.am էլեկտրոնային հասցեով, փոստի միջոցով կամ անձամբ ներկայանալով տեսչական մարմնի գլխամաս՝ Երևան, Արմենակյան 129 հասցեով։

Դիմում-բողոքները կարելի է ԱԱՏՄ-ին հասցեագրել նաև առցանց՝ e-request համակարգով՝ մուտք գործելով www.hlib.am  հասցեով։