Արցախում շատերն են ճանաչում գորգագործ, կարպետագործ Իրենա Թևանյանին, որի ստեղծած աշխատանքները բազմիցս հաղթող են ճանաչվել գորգագործության մրցույթներում:
Ղազանչեցոց եկեղեցում հայտնված առաջին գորգը՝ օրհնության նշան
Գորգագործությամբ սկսել է զբաղվել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ երկու շաբաթ անց նրան է վստահվել ամբողջ գորգի ստեղծման բարդ աշխատանքը:
«Երբ առաջին բարդ աշխատանքս ավարտեցի, տնօրենիս թույլտվությամբ գորգի մի անկյունում որոշեցի գրել իմ անունը»,- հիշում է Ի. Թևանյանը՝ նշելով, որ տարիներ անց իր գործած գորգը պատահաբար նկատել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ու ինքն իր համար որոշել՝ դա օրհնության նշան է, որը հուշում է՝ ճիշտ ուղու վրա է:
Արցախյան առաջին պատերազմից հետո 12-ամյա Իրենան Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բեգիմսարով համայնքից ստիպված է եղել ծնողների հետ տեղափոխվել Սյունիք: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Շուշի:
Ամուսնական կյանքը երիտասարդ գորգագործուհին սկսել է Բերձորում, բայց շարունակ երազել է Շուշի տեղափոխվելու մասին: Տարիներ անց՝ 2017 թ., ընտանիքը մեծ առանձնատուն է գնել Շուշիում՝ նպատակ ունենալով հիմնանորոգել ու հաստատվել այնտեղ:
Բնակավայրից բնակավայր տեղափոխվելու ճանապարհին Իրենային ուղեկցել է սեփական արվեստանոց ու գորգագործական դազգահ ունենալու երազանքը: Ամուսինը խոստացել ու արվեստանոցի է վերածել Շուշիում գնած առանձնատան ամենալուսավոր ու ամենաընդարձակ սենյակը: