Skip to content

Մաս 1. Ներածություն

Գենդերային կարծրատիպեր, գենդերային նորմեր և դերեր

«Սեռ» և «գենդեր» հասկացությունների տարբերությունը

Յուրաքանչյուր հասարակության զարգացում անհնար է պատկերացնել առանց երկու սեռերի` կանանց և տղամարդկանց գործունեության: Ըստ պատմական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների` ձևավորվել են ուրույն պատկերացումներ կանանց և տղամարդկանց հասարակական դերի, նրանց կարգավիճակի և գործառույթների վերաբերյալ: Կանանց և տղամարդկանց տարբերությունները բազմաբնույթ են, որոնց մեծ մասը պայմանավորված չէ սեռական պատկանելությամբ, կենսաբանությամբ: Այդ տարբերությունները մատնանշելու համար հաճախ օգտագործում են «սեռ» և «գենդեր» հասկացությունները, որոնք անհատին բնորոշում են տարբեր տեսանկյուններից:

 

Կենսաբանական սեռն անատոմիական, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և գենետիկական բնութագրերի ամբողջությունն է, իգական և արական սեռերի ներկայացուցիչների օրգանիզմների տարբերակման հիմքը:

 

 

Սակայն մարդը ոչ միայն ծնվում է որպես իգական կամ արական սեռի ներկայացուցիչ, այլև իր ամբողջ կյանքի ընթացքում կրում է տվյալ հասարակության ազդեցությունը, «կերտվում» որպես կին կամ տղամարդ: Հասարակությունը տարբեր ակնկալիքներ ունի կանանցից և տղամարդկանցից, քանի որ նրանց վերագրում է տարբեր դերեր: Կանանց և տղամարդկանց դրսևորած վարքի, հասարակության կողմից նրանց վերագրված դերային առանձնահատկությունների, հասարակությանը ներկայանալու կարգի հետ կապված տարբերությունները կազմում են «գենդեր» հասկացության բովանդակությունը:

Հետևապես «գենդերը» ընկալվում է որպես սոցիալ-մշակութային հարացույց, որը կառուցավորվում է սոցիալական պրակտիկայի ընթացքում` ներառելով յուրաքանչյուր հասարակությանը բնորոշ սոցիալական և մշակութային նորմերը, որոնք պարտադրվում են կանանց և տղամարդկանց` ստիպելով կատարել որոշակի գենդերային դերեր:

Գենդերն ունի տնտեսական, պատմական, կրոնական, սոցիալական, քաղաքական և մշակութային հատկանիշներ: Այդ հատկանիշները քարացած չեն, այլ փոփոխվում են ժամանակի ընթացքում` ենթարկվելով մշակութային ազդեցության:

 

«Գենդեր» եզրույթը վերաբերում է՝ [1] կանանց և տղամարդկանց ինքնությունների, հատկանիշների և դերերի վերաբերյալ հասարակության կողմից ձևավորվող նախանշմանը [նախապատկերացմանը] ու [2] հասարակության կողմից այդ կենսաբանական տարբերություններին տրվող սոցիալական և մշակութային նշանակությունները, որի արդյունքում կանանց և տղամարդկանց հարաբերությունները կառուցվում են հիերարխիկ[1]:

[1] ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) Ընդհանուր հանձնարարական 28, կետ 5; http://www.ohchr.org/EN/HRBodies/CEDAW/Pages/Recom mendations.aspx

 

 

Այս սահմանումը մատնանշում է, որ ցանկացած տարբերակում, բացառում [գործընթացից դուրս թողնում] կամ սահմանափակում, որը հանգեցնում է կամ նպատակ ունի նվազեցնել կամ զրոյացնել կանանց իրավունքների և հիմնարար ազատությունների ճանաչումը, կամ կանանց՝ իրենց իրավունքներից օգտվելը, հանդիսանում է խտրականություն, նույնիսկ երբ այդ խտրականությունը միտումնավոր չէ:

ՄԱԿ-ի շրջանակներում «գենդեր» հասկացությունը` որպես հատուկ առանցքային եզրույթ, լայնորեն, սիստեմատիկ և նպատակաուղղված գործածվում է առնվազն 1985 թվականից: Կանանց դրության վերաբերյալ երրորդ համաշխարհային խորհրդաժողովում, որ տեղի է ունեցել Նայրոբի քաղաքում 1985 թ., ընդունվել է «Կանանց դրության բարելավման գործունեության հեռանկարային ռազմավարությունները» շատ կարևոր փաստաթուղթը , որում «գենդեր» հասկացությունը գործածվում է 16 անգամ թե՛ առանձին, թե՛ այնպիսի բառակապակցություններում, ինչպիսիք են՝ «խտրականություն գենդերային հիմքով», «գենդերային հիմքով կանխակալ վերաբերմունք», «գենդերային բռնություն», «գենդերային դերեր», «գենդերային կարծրատիպեր», «գենդերային նորմեր», «գենդերային վիճակագրություն», «գենդերային ցուցիչներ» և այլն: Բացի այդ, հենց այդ փաստաթղթում է առաջին անգամ օգտագործվել mainstream եզրույթը` նկարագրելու համար գործողությունների այն լայն սպեկտրը, որում պետք է կանայք ընդգրկված լինեն: Այդ եզրույթների մեծ մասը գործածվել է նաև Վիեննայի հռչակագրում և գործողությունների ծրագրում` ընդունված 1993 թ. հունիսին Մարդու իրավունքների երկրորդ համաշխարհային խորհրդաժողովում: Հաջորդ կարևոր քայլն արվել է 1994 թ. Կահիրեում կայացած Բնակչության և զարգացման միջազգային խորհրդաժողովում ընդունված Գործողությունների ծրագրի առնչությամբ: Այնուհետև այն լայնորեն օգտագործել է (ներառյալ «գենդերային հավասարություն» հասկացությունը) նաև տվյալ ոլորտում «ամենապրոֆիլային» խորհրդաժողովի` Կանանց դրության վերաբերյալ չորրորդ համաշխարհային խորհրդաժողովի (Պեկին, 1995 թ. սեպտեմբեր) փաստաթղթերում` Պեկինի հռչակագրում և Գործողությունների ծրագրում:
 

 

«Գենդերային հավասարություն» նշանակում է հավասար իրավունքներ, պարտականություններ և հնարավորություններ կանանց և տղամարդկանց, տղաների և աղջիկների համար: Հավասարությունը չի նշանակում, որ կանայք և տղամարդիկ դառնալու են նույնը, այլ այն, որ կանանց և տղամարդկանց իրավունքները, պարտականությունները և հնարավորությունները կախված չեն լինելու այն հանգամանքից՝ ծնվել են նրանք տղամարդ, թե կին. ճանաչելով կանանց և տղամարդկանց տարբեր խմբերի բազմազանությունը:

OSAGI, 2001, “Gender Mainstreaming: Strategy for Promoting Gender Equality”

 

 

Գենդերային հավասարությունը ենթադրում է, որ հաշվի են առնվում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շահերը, կարիքները և գերակայությունները:

 

Գենդերային արդարությունը կանանց և տղամարդկանց նկատմամբ արդարացի լինելու գործընթաց է: Արդարությունն ապահովելու համար հաճախ պետք է առկա լինեն ռազմավարություններ և միջոցառումներ՝ փոխհատուցելու կանանց պատմական և սոցիալական հնարավորությունների պակասը, որոնք խանգարում են կանանց և տղամարդկանց աշխատել հավասար մրցակցային պայմաններում: Արդարությունը հանգեցնում է հավասարության:

Frequently asked questions about gender equality | UNFPA, https://www.unfpa.org/resources/frequently-asked-questions-about-gender- equality#

 

 

Գենդերային հավասարությունը «կանանց խնդիր չէ». այն պետք է վերաբերի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Կանանց և տղամարդկանց հավասարությունը դիտարկվում է որպես մարդու իրավունքների խնդիր և համարվում է հարակայուն մարդակենտրոն զարգացման թե՛ նախապայման, թե՛ ցուցիչ:

Գենդերային կարծրատիպեր, գենդերային նորմեր և դերեր

Կարծրատիպ են անվանում մարդկանց և երևույթների մասին կանխակալ կարծիքը, որը բխում է ընդհանրացված դատողություններից և ակնկալիքներից: Կարծրատիպային կարող են լինել վարքագծի, սովորությունների, կենսակերպի մասին պատկերացումները: Որոշակի մասնագիտություն ունեցող, որևէ դասակարգի, ազգության, տարիքային խմբի պատկանող մարդու հանդիպելով՝ նախապես նրանից որոշակի վարքագիծ ենք ակնկալում և նրան գնահատում ենք՝ ելնելով նրա վարքագծի և մեր ակնկալիքի համապատասխանության աստիճանից:

 

Գենդերային կարծրատիպերը մշակույթում ձևավորված համեմատաբար կայուն, ընդհանրացված պատկերացումներ են կանանց և տղամարդկանց և, համապատասխանաբար, նրանց վարքի վերաբերյալ: Դրանք վաղ են յուրացվում, ավելի վաղ, քան երևան է գալիս սեփական կարծիքը, և դառնում են չգիտակցված գաղափարախոսություն:

 

 

Գենդերային կարծրատիպերն ունեն հետևյալ առանձնահատկությունները.

  • Դրանք շատ կայուն են, վաղ են յուրացվում և մեծ դժվարությամբ են փոփոխվում:
  • Սոցիալական են և հարաբերակցվում են հասարակության իրական շերտադասմանը. տվյալ հասարակության տարբեր սոցիալական շերտեր կարող են ունենալ տարբեր կարծրատիպեր՝ պայմանավորված ազգային առանձնահատկություններով, կենսապայմաններով, տարիքով, կրթությամբ:
  • Կան ընդհանրական գենդերային կարծրատիպեր, որոնք բնորոշ են գրեթե բոլոր հասարակություններին, ինչպես նաև միևնույն հասարակության մեջ տարբեր սոցիալական խմբերի: Օրինակ՝ գրեթե բոլոր հասարակություններում «տղամարդ» հասկացության հետ են կապում ուժը, իշխանությունը, տոկունությունը, կերակրողի դերը, խրախուսելի սեքսուալ փորձը, անկախությունը, ազատությունը, հարձակվողականությունը, հանդգնությունը, կոպտությունը, իսկ «կին» հասկացության հետ` թուլությունը, զիջողականությունը, ընտանեսիրությունը, առաքինությունը, հավատարմությունը, կրավորականությունը, հոգատարությունը, ամաչկոտությունը, բնազդայնությունը:

Տարածված գենդերային կարծրատիպերից են՝

  • քաղաքականությունը կանանց գործ չէ,
  • քաղաքականությամբ զբաղվում են անձնական կյանքում անհաջողակ կանայք,
  • կանանց միակ գործառույթը երեխա ծնելն ու մեծացնելն է և ընտանիքի հոգսը քաշելը. մնացած ամեն ինչ երկրորդական է,
  • իսկական տղամարդը պետք է դուռը ոտքով բացի,
  • տղամարդիկ ուժեղ սեռ են, կանայք` թույլ,
  • տղամարդը ստեղծված է իշխելու համար,
  • տղամարդկանց միջև կա համերաշխություն, կանանց միջև՝ ոչ և այլն:

Գենդերային կարծրատիպերը պայմանավորում են կյանքի ճանապարհն ու կենսակերպի չափորոշիչները և որոշ իմաստով հաստատում դրանց սահմանափակման շրջանակները:

Աստիճանաբար դրանց լեգիտիմ (օրինական) և կոնվենցիոնալ (հանրորեն ընդունված, ավանդական) բնույթ է հաղորդվում, «բարոյական» նորմերը գերիշխող են դառնում, տեղի է ունենում «թելադրանք` առանց հարկադրանքի»: Քարոզչության, գովազդի, սոցիալ-քաղաքական տարբեր գաղափարների ներգործությամբ գենդերային կարծրատիպերը կերտվում և անընդհատ վերարտադրվում են: Դրանց ներգործությամբ ձևավորվում են կենսակերպի չափորոշիչները՝ գենդերային նորմերը:

 

Գենդերային նորմերը վարքի որոշակի կանոններ են, որոնք պարտադրվում են մարդուն՝ կախված նրա կենսաբանական սեռից:

 

 

Դրանք թելադրվում են հասարակության կողմից տվյալ ժամանակաշրջանում «իսկական տղամարդու» և «իսկական կնոջ» վերաբերյալ իշխող պատկերացումներին համապատասխան: Գենդերային նորմերը սերմանվում են մանկուց, իսկ հետագայում ամրապնդվում զանազան սոցիալական ինստիտուտների միջոցով:

Երեխան վաղ հասակից է յուրացնում, թե ինչ է նշանակում լինել «կին» կամ «տղամարդ», ինքնորոշվում է որպես «կին» կամ «տղամարդ» և փորձում իր վարքը համապատասխանեցնել հասարակության գենդերային կարծրատիպերին ու նորմերին:

Այս ամենով հանդերձ, գենդերային կարծրատիպերը մեկընդմիշտ տրված չեն, դրանք ձևավորվում և արդյունավետ գործում են որոշակի ենթամշակույթի շրջանակներում՝ նրանցից դուրս երբեմն կորցնելով իրենց իմաստն ու գործառույթները: Տղամարդիկ և կանայք իրականության փոփոխությանը զուգընթաց փոխում են իրենց պատկերացումները, դերավարքային մոդելները. ձևավորվում են նոր կարծրատիպեր:

Նոր կարծրատիպերի ձևավորման անցումային շրջանը անհատին անընդհատ նոր իրավիճակների մեջ է դնում, ինչը իր հերթին ընտրության նոր չափանիշներ և գենդերային վարքի նոր ձևեր է պահանջում: Նրանց հմտությունների, մտածողության ու վարքի գենդերային չափանիշներն աստիճանաբար հասարակական նշանակություն են ստանում, որն արտահայտվում է նոր գենդերային կարծրատիպերի, գենդերային համակարգի և ժամանակակից իրողությունների անհամապատասխանության բացահայտմամբ, նոր էգալիտար մշակույթի նպատակաուղղված ձևավորման և տարածման անհրաժեշտության գիտակցմամբ:

Գենդերային կարծրատիպերը հիմք են դառնում նաև գենդերային դերերի, որոնք նպատակ ունեն կոդավորելու տղամարդկանց և կանանց վարքագծի ստանդարտացված մոդելները:

 

 

Գենդերային դերերը հասարակության կողմից կենսաբանական սեռին թելադրվող վարքի որոշակի մոդելներ են:

 

 

Կատարել այս կամ այն գենդերային դերը՝ նշանակում է ունենալ տղամարդուն կամ կնոջը համապատասխան արտաքին տեսք, հագնվելու ոճ, շարժուձև, խոսք, ստանձնել հասարակության մեջ այդ սեռին հատկացված գործառույթ, ունենալ որոշակի սոցիալական կարգավիճակ և այլն:

Որտե՞ղ, ինչպե՞ս և ումի՞ց ենք սովորում գենդերային նորմերն ու գենդերային դերերը: Ո՞վ է որոշում և կարգավորում դրանք: Ինչպիսի՞ն է դրանց ուսուցման գործընթացը: Այս հարցերին փորձենք պատասխանել` հենվելով արդի գենդերային հետազոտություններում առավել տարածված մոտեցումներից մեկի՝ գենդերի սոցիալական կառուցավորման տեսության վրա: Այս տեսության հիմնական գաղափարն այն է, որ մարդը մշակութային օրինակները յուրացնում է ամբողջ կյանքում, սոցիալականացման ընթացքում:

Գենդերային սոցիալականացում

Սոցիալականացումն այն բոլոր սոցիալական գործընթացների ամբողջությունն է, որոնց շնորհիվ անձը, յուրացնելով որոշակի նորմերի և արժեքների համակարգ, դառնում է հասարակության լիիրավ անդամ: Սոցիալականացումն անձի ձևավորման գործընթաց է, որը սկիզբ է առնում ծննդյան պահից:

 

Գենդերային սոցիալականացումը հասարակության գենդերային մշակույթի յուրացումն է անձի կողմից և սեռերի տարբերությունների սոցիալական կառուցավորումը: Գենդերային սոցիալականացման ընթացքում անձը յուրացնում է տղամարդկային և կանացի վարքի մոդելները, հարաբերությունները, նորմերը, արժեքները և գենդերային կարծրատիպերը:

 

 

Յուրաքանչյուր հասարակություն «տղամարդկայինի» և «կանացիի» վերաբերյալ յուրահատուկ չափորոշիչներ ունի, որոնց համապատասխան էլ սոցիալականացման ինստիտուտներում արարվում, կառուցավորվում, կերտվում են «տղամարդիկ» և «կանայք»:

Առանձնացվում է գենդերային սոցիալականացման երկու փուլ՝

  • առաջնային սոցիալականացման փուլ կամ հարմարեցում (ադապտացիա), երբ անհատը հարմարվում է գոյություն ունեցող նորմերին ու դերերին: Այն սկսվում է դեռ մանկությունից, երբ երեխան վարվելակերպի կանոնները յուրացնում է ոչ գիտակցաբար, նույնիսկ հարկադրված: Գիտնականներն այդ փուլը որակում են որպես գենդերային մոդելների կուտակման գործընթաց: Դա շատ կարևոր փուլ է, քանի որ մանկության շրջանում յուրացրածը խորն է արմատավորվում, դանդաղ է փոփոխվում և կյանքի հետագա փուլերի հիմք է դառնում.
  • երկրորդային սոցիալականացման փուլ կամ վերասոցիալականացում, երբ հասնելով որոշակի տարիքի՝ անհատը գործում է գիտակցաբար և քննադատաբար է մոտենում իրեն հրամցված գենդերային կարծրատիպերին: Տեղի է ունենում նախկինում յուրացված նորմերի գնահատում, դրանց մի մասը, տվյալ մարդուն անհարիր լինելով, մերժվում է:

Սոցիալականացումը տեղի է ունենում սոցիալականացման ինստիտուտների միջոցով (ընտանիք, նախադպրոցական և ուսումնական հաստատություններ, շրջապատ, աշխատանքային կոլեկտիվ, կրոնական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ և այլն):

Սոցիալականացման բոլոր փուլերում հասարակության ներգործությունն անձի վրա տեղի է ունենում կա՛մ անմիջականորեն, կա՛մ հատուկ խմբերի՝ սոցիալականացման գործակալների միջոցով (ծնողներ կամ ընտանիքի մյուս անդամներ, հարևաններ, ընկերներ, հասակակիցներ, ուսուցիչներ, դասախոսներ, հոգևորականներ, լրագրողներ և այլն):

Այս ամենը առաջադրվում և կանոնակարգվում է ազդեցության հզոր խողովակների, սոցիալականացման մեխանիզմների, տեխնոլոգիաների միջոցով (լեզու, կրոն, կրթություն և դաստիարակություն, արվեստ, նորաձևություն, մշակույթ, գովազդ, խաղալիքներ, հեքիաթներ, երգեր, առածներ ու ասացվածքներ, առասպելներ և այլն):

Առաջնային սոցիալականացման փուլում առավել նշանակալի են ընտանիքը, հասակակիցների խմբերը, նախադպրոցական հաստատությունները: Հետագայում՝ վերասոցիալականացման փուլում, երբ նոր մշակութային տարածություն յուրացնելու կապակցությամբ նորմերի և վարքագծի օրինակների վերանայում է տեղի ունենում, գլխավոր դեր են խաղում ուսումնական հաստատությունները, զանգվածային լրատվության միջոցները, կրոնը, հեռարձակման տեխնոլոգիաները, ինտերնետը, գովազդը և այլն:

Գենդերային սոցիալականացման գործընթացն ունի մի քանի առանձնահատկություններ.

  • Աղջկա սոցիալականացումը երկար ժամանակ կատարվում է ընտանիքում, իսկ տղաները շատ շուտով մղվում են պատանեկան խմբեր, որտեղ և յուրացնում են տղամարդկային վարքի առաջին դասերն ու առնականության կոդեքսը: Տղաների համար էական է դառնում ոչ այնքան ծնողների, որքան հասակակիցների ազդեցությունը:
  • Աղջիկներին սովորաբար ներշնչվում են այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ համեստությունը, համբերությունը, մեղմությունը, քնքշությունը, ամաչկոտությունը, ողջամտությունը, հավատարմությունը, հոգատարությունը, ուշիմությունը, ինքնազոհողությունը: Տղաներին են վերապահվում հաջողակությունը, ձեռներեցությունը, համարձակությունը, եռանդը, բարձր մրցողունակությունը, իշխանության ձգտումը, կարիերան, վաստակելու ունակությունը և այլն:
 

Լրացուցիչ ընթերցում